Հոկտեմբերի 30-ին Արամ Խաչատրյան համերգասրահի նախասրահում էկրանների վրա ցուցադրվում էին Արշիլ Գորկու և Երվանդ Քոչարի ստեղծագործությունները։ Առիթը Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնի շրջանակներում ևս համերգն էր, որը նվիրված էր աշխարհահռչակ ամերիկահայ նկարիչ Արշիլ Գորկու 110 և անվանի նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարի 115-ամյակներին։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան ջութակահար Նին Ֆենը (Չինաստան) և դիրիժոր, կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգը (Չինաստան)։
Համերգային ծրագրում՝ Պյոտր Չայկովսկի՝ Տոնական նախերգանք՝ Դանիայի ազգային հիմնի թեմաներով (հայաստանյան պրեմիերա), Պյոտր Չայկովսկի՝ Ջութակի կոնցերտ, մենակատար՝ Նին Ֆեն, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, Ֆու-Տոնգ Վոնգ՝ Սիմֆոնիա Condor Heroes (հայաստանյան պրեմիերա), դիրիժոր՝ Ֆու-Տոնգ Վոնգ։
Նին Ֆենը աշխարհում մեծ ճանաչում ունեցող ջութակահար է։ Նա Հայաստանի պետական երիտասարդական նավագխմբի հետ համագործակցության փորձ արդեն ունի։ Հայաստանում է 3-րդ անգամ։ Նին Ֆենը սովորել է Սիչուանի կոնսերվատորիայում և Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում։ Բազում մրցույթների դափնեկիր Նին Ֆենը նաև 2006թ. Պագանինիի անվան միջազգային մրցույթի հաղթող է։ Նրա վերջին համագործակցություններից կարել է առանձնացնել Բուդապեշտի փառատոնային նվագախմբի, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի, Հոնկոնգի ֆիլհարմոնիկի, Բեռլինի կոնցերտհաուսի նվագախմբի հետ ելույթները։ 2014-2015 համերգաշրջանում Նին Ֆենը Հոնկոնգի ֆիլհարմոնիկի հետ կմեկնի հյուրախաղերի Եվրոպա, առաջնաելույթ կունենա Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկի հետ։
Ֆու-Տոնգ Վոնգը ավարտել է Քենթի պետական համալսարանը (ԱՄՆ)։ Նա դասավանդում է ջութակ, ներկայանում է նաև որպես կոմպոզիտոր և դիրիժոր։ Դասավանդել է Թայվանի Արվեստի ազգային ինստիտուտում, իսկ 1983-ին հանդես եկել որպես United Experimental նվագախմբի կոնցերտմայստեր։ Ֆու-Տոնգ Վոնգը եղել է Թայվանի տեխնոլոգիական համալսարանի երաժշտության ֆակուլտետի պրոֆեսոր։ Գրել և հրատարակել է վոկալ և նվագախմբային բազում ստեղծագործություններ։ Վոնգի աշխատանքները կատարվում են ամբողջ աշխարհում։
Չինացի երաժիշտները բարձր գնահատեցին Արամ Խաչատրյանի արվեստը և այն փաստը, որ Հայաստանում անցկացվում են խաչատրյանական փառատոներ։
Հանդիսատեսը տպավորված էր չինացի կոմպոզիտորի ստեղծագործությամբ և ջութակահարի կատարումներից, ինչի վկայությունը չդադարող ծափերն էին և հանդիսատեսի կարծիքները։ «Ինձ շատ դուր եկավ Նին Ֆեն ելույթը: Արդեն 3-րդ անգամ է, որ Հայաստանում լսում եմ նրա կատարումները և կարող եմ ասել, որ տարեցտարի ավելի գեղեցիկ ու հոգեթով են դառնում նրա հնչյունները»,- մեզ հետ զրույցում ասաց Լուսինե Գրիգորյանը:
Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը կյանքի է կոչվել Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և ՀՀ մշակույթի նախարարության ջանքերով։